Ամբոխ

Ամբոխի մասին պատկերացումները սովորաբար առաջանում են` ելնելով մարդկանց անձնական փորձից:Մեզնից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ կա՛մ եղել է ամբոխում, կա՛մ էլ տեսել է ամբոխի կազմում գտնվող մարդկանց վարքը:

Հոգեբանական տեսանկյունից ամբոխ հասկացության  տակ հարկավոր է հասկանալ այն մարդկանց անկազմակերպ հավաքը, որոնք չունեն ընդհանուր գիտակցված նպատակ և, որպես կանոն, գտնվում են հուզական լարվածության վիճակում:

Ամբոխը կարող է կազմված լինել սկսած մի քանի հոգուց մինչև մի քանի հազար մարդկանցից, ինչպես տեսնում ենք, օրինակ, զանգվածային միտինգների և ցույցերի ժամանակ:Այն որոշակի ներքին կառուցվածք և կազմակերպվածություն չունի: Սովորաբար առաջանում է անսպասելիորեն և, ըստ առաջանալու պատճառների և ակտիվության, լինում է մի քանի տեսակ:

Կան պատահական ամբոխներ, որոնք գործունեության որևէ դրդապատճառ չունեն: Պարզ ամբոխ է «անբան», անգործ մարդկանց կուտակումը մեկ վայրում, որտեղ նրանք ինչ-որ բանի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում:

Կան դիտողների, ունկնդիրների, հանդիսատեսների ամբոխներ, որոնք իմացական հետաքրքրասիրությունից դրդված հավաքվում են դիտելու որևէ համերգ, ելույթ կամ այլ իրադարձություն: Համախոհական կամ կոնվենցիալ անվանում են այնպիսի մարդկանցից հավաքված ամբոխը, որոնք հավաքվել են որևէ մարզական կամ այլ մրցակցության ներկա գտնվելու համար: Ամբոխի տեսակ է նաև փրկություն որոնող մարդկանց ինքնաբերաբար առաջացած խումբը, որոնք հայտվել են միևնույն  վտանգավոր պայմաններում(հրդեհ, երկրաշարժ, ջրհեղեղ, տեխնոգեն վթարներ և այլն) և պետք է համատեղ խույս տան այդ վտանգից:

Այդպիսի ամբոխը հաճախ խուճապի մեջ է գտնվում:

Ագրեսիվ ամբոխը, որի ակտիվության հիմնական դրդապատճառը թշնամությունն է մարդկանց կամ որևէ երևույթի նկատմամբ, միասնական գործողությունների միջոցով պարպում է իր մեջ կուտակված չարությունը: Այդպիսին են,օրինակ, ջարդարարների խմբերը:Զմայլվածների ամբոխ հաճախ կարելի է տեսնել, օրինակ, կրոնական արարողությունների և ծեսերի ժամանակ, որը նրանց մղում է միասնական գործողությունների:

Կյանքում քիչ չեն հանդիպում նաև մրցակցության մեջ մտած մարդկանցից կազմված ամբոխներ:

Նման ամբոխի օրինակ կարելի է համարել որևէ ապրանք գնելու համար անկազմակերպ հերթի կանգնած  մարդկանց ամբոխը:

Ամբոխի հոգեբանական առանձնահատկությունների և նրանում անհատների վարքի հիմնական գծերի մասին հետաքրքրական տեսակետներ են առաջադրվել դեռ վաղուց:

Ֆրեյդը, ուսումնասիրելով ամբոխի հոգեբանությունը, եկել է այն եզրակացության, որ ամբոխում անհատի վարքագիծը փոխվում է, իռացիոնալի և անգիտակցականի ազդեցության տակ մեծանում է ոգևորվածությունը, մարդը այնպիսի վարքագիծ է  ցուցաբերում, որը այլ պայմաններում չէր ցուցաբերի:

Ամբոխի հոգեբանության ավելի հիմնարար աշխատանքներ են թողել Գուստավ Լեբոնը, Գաբրիել Թարդը, Ուիլֆրեդ Թրորերը և Էլիաս Կանետին:

Աղբյուր …………………..

Թողնել մեկնաբանություն