Կապիտալի ծագումը

Կապիտալի ծագման պատմական նախադրյալներն են ապրանքային արտադրությունը, ապրանքաշրջանառության ու առևտրի զարգացումը։ Այն առաջանում է կապիտալի նախասկզբնական կուտակման կամ ֆեոդալիզմից կապիտալիզմին անցնելու շրջանում, երբ, միլիոնավոր մանր արտադրողների ունեզրկման հետևանքով աշխատուժը դառնում է ապրանք, և ձևավորվում են պրոլետարիատն ու բուրժուազիան։ Բանվորները, այլ գոյամիջոց չունենալով, հարկադրված իրենց աշխատուժը վաճառում են կապիտալիստին։ Վերջինս արտադրության պրոցեսում միավորում է շուկայում գնած ապրանքները՝ աշխատուժն ու արտադրամիջոցները, և արտադրության պրոցեսում դրանց արտադրողական սպառումից, նորաստեղծ ապրանքի իրացումից հետո ստանում է կանխավճարված կապիտալից մեծ արժեք՝ հավելյալ արժեք։

Կապիտալի ընդհանրական բանաձևն է՝ Փ—Ա—Փ’, որտեղ Փ-ն փողն է, Ա-ն՝ ապրանքը, Փ’=Փ+ΔՓ-ն՝ կանխավճարված փողի և որոշ աճի՝ հավելյալ արժեքի, գումարն է։ Իմպերիալիզմի փուլում կապիտալիստական արտադրության շարժառիթ է դառնում մենաշնորհային շահույթի ստացումը։ Կապիտալը Մարքսը բացահայտեց կապիտալի երկու մասերի՝ հաստատուն և փոփոխուն կապիտալների միջև եղած որակական տարբերությունները։ Հաստատուն կապիտալը (C) ծախսվում է արտադրամիջոցներ ձեռք բերելու համար։ Վերջինիս արժեքը բանվորի կոնկրետ աշխատանքով փոխանցվում է նորաստեղծ արդյունքին և չի փոխում իր մեծությունը, նոր արժեք չի ստեղծում։ Փոփոխուն կապիտալը (V) ծախսվում է աշխատուժ գնելու համար, վճարվում է որպես աշխատավարձ և բանվորի հավելյալ աշխատաժամանակում ստեղծած հավելյալ արժեքի (m) աղբյուրն է։ Կապիտալի ինքնաճումը տեղի է ունենում կապիտալի պտույտի և կապիտալի շրջապտույտի պրոցեսում։ Ուսումնասիրելով վերջինս՝ Մարքսը գիտականորեն հիմնավորեց կապիտալի բաժանումը (ըստ պատրաստի ապրանքի արժեքի փոխանցման եղանակի) հիմնականի և շրջանառուի։ Կապիտալի պտույտի պրոցեսում նրա մի մասը մշտապես գտնվում Է ապրանքային և դրամական ձևերում։ Կապիտալի այդ մասերի առանձնացումը հանգում Է առևտրական կապիտալի և փոխատվական կապիտալի ձևավորման, որոնք առևտրական շահույթի և տոկոսի ձևով իրենց տերերին տալիս են արտադրության պրոցեսում ստեղծված հավելյալ արժեքի մի մասը։

Մեծ չափերի շահույթ ստանալու համար կապիտալիստները հավելյալ արժեքի մի մասը կուտակում են, որն ուղեկցվում Է կապիտալի ամակենտրոնացման և կապիտալի կենտրոնացման աճով, արտադրության կենտրոնացման բարձր աստիճանում՝ կապիտալիստական մենաշնորհների առաջացմամբ։ Զարգացնելով հավելյալ արժեքի մարքսյան տեսությունը՝ Վ. Լենինը բացահայտեց ֆինանսական կապիտալի Էությունը։ Կապիտալիզմի վերացման և արտադրամիջոցների սոցիալիստական սեփականության պայմաններում կապիտալը, որպես տնտեսական կատեգորիա, դադարում Է գոյություն ունենալ։