Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը, հայ աստղագետ և աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, և շատ ու շատ բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Հայաստանի ազգային հերոս, Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թբիլիսիում, 1908 թ.-ին, սեպտեմբերի 18-ին։ Վ.Համբարձումյանը փոքր տարիքից շատ մեծ հետաքրքրություն է դրսևորում մաթեմատիկայի, աստղագիտության հանդեպ։ 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում։

1924 թ. Վ. Համբարձումյանը ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի պետական համալսարան։ Ուսանող ժամանակ նա հրատարակում է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տպագրում է ավելի քան 15 հոդված։ Համալսարանն ավարտելուց հետո, Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Ա․ Բելոպորսկու ղեկավարությամբ։ 1934 թ. Լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։

1935 թ. Համբարձումյանին շնորհվում է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, ինչը նրա գիտական մեծ հեղինակության և համաշխարհային համբավի և վաստակի արդյունքն էր։

Կիրառելով վիճակագրական մեխանիկայի ինքնատիպ եղանակներ՝ Վ. Համբարձումյանը կարևոր արդյունքներ է ստացել։ 1936 թվականին այդ ճանապարհով լուծել է անգլիացի աստղագետ Արթուր Էդինգտոնի առաջադրած մաթեմատիկական խնդիրը՝ գտնել աստղակույտի աստղերի տարածական արագությունների բաշխումը՝ ունենալով դրանց տեսագծային արագությունների բաշխումը։ Այդ խնդրի լուծումը տպագրվել է «Monthly Notices» հանդեսում հենց Էդինգտոնի ներկայացմամբ։ Տասնամյակներ անց այդ նույն խնդիրը վերստին ի հայտ եկավ՝ բժշկական համակարգչային ախտորոշման կապակցությամբ։ Ի վերջո, այդ մաթեմատիկական խնդրի լուծումը նշանավորվեց բժշկության բնագավառի Նոբելյան մրցանակով «Համակարգչային տոմոգրաֆիայի մշակման համար»։