Անձնական ազատություն

Սահմանադրությամբ մարդուն ազատությունից զրկելու բազմաթիվ դեպք-օրենքներ կան սահմանված, սակայն, առաջին հերթին կցանկանայի նշել Սահմանադրության Հոդված 26-ի ամրագրված 3-րդ կետը.

3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատության իրավունք, սակայն կան հատուկ դեպքեր, որոնց դեպքում օրենքով սահմանված է ազատազրկում:

Օրինակ, մարդուն կարող են ազատությունից զրկել, երբ չի ենթարկվել օրենքին, իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար, հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով և այլն:

Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Կցանկանայի անդրադարձ կատարել նաև Սահմանադրության Հոդված 96 – ին, որում հստակ ամրագրված է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Օրենքի առջև հավասար են բոլորը, և, ըստ իս, յուրաքանչյուր քաղաքացի (և ոչ միայն) պետք է ունենա այնպիսի գիտակցական մակարդակ, որ հասկանա, թե ինչ է օրենքը, ինչ է կարգապահությունն ու ինչ է օրինապահությունը:

Սահմանադրություն․ Հոդված 12

Սահմանադրությունը մեր կյանքի արտացոլումն է: Սահմանադրության յուրաքանչյուր կետ իր արտացոլումն ու դերակատարումն ունի մեր կյանքում: Ըստ Սահմանադրության, Հայաստանի  Հանրապետությունն   ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սահմանադրության Հոդված 3 – ի 1 – ին կետի համաձայն, մարդը բարձրագույն արժեք է: Պետությունը, և, առհասարակ, հասարակությունը փոխադարձաբար պարտավոր է ապահովել այսպես կոչված մարդու բարձրարժեք լինելը: Հասարակության վերաբերմունքը այս հարցի նկատմամբ պետք է դրսևորված լինի այլոց իրավունքներին, արժանապատվությանը, և, ընդհանուր առմամբ, կյանքին չխանգարելու ձգտումով:

Հոդված 12. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը

Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

Հոդված 12 – ով ամրագրված է շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը: Յուրաքանչյուր ոք, անկախ սեռից, տարիքից, ազգությունից (և այլն), պարտավոր է հետևել վերոնշյալ կետին և բնականաբար ՝ կիրառել: Եվ, հետո, անկախ վերոնշյալ հոդվածից, մարդը, որպես կենդանի, բանական էակ, չի կարող ապրել մարդուն ոչ հարիր միջավայրում, և, շատ դեպքերում, հենց մարդն է վնասում շրջակա միջավայրը: Հարկավոր է գիտակցել, որ ցանկացած պարագայում, առաջին հերթին այն ամենավտանգավորն ու վնասակարը հենց մարդու համար է:

Հավաքներ

Այժմյան՝ Հայաստանում տիրող իրավիճակից ելնելով, ուսումնասիրեցինք հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը՝ կետ առ կետ:

Հավաքի հասկացությունը.

Նախ հասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում հավաքը: Հավաքը՝ դա, երկու կամ ավելի անձից կազմված խումբ է, որի նպատակն է ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելը կամ արտահայտելը: Հավաքը հանրային է և դրան կարող է մասնակցել ցանկացած ոք: Հավաքները իրականացվում են տարբեր միջոցներով, օրինակ՝ մի տեղում հավաքվել կամ մի տեղից մյուսը տեղաշարժվել, որն էլ անվանում ենք երթ: Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է:

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները.
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը.

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չեն կիրառվում տվյալ հավաքի ժամանակ:

Արգելվում է հավաքներ կազմակերպել հետևյալ նպատակներով. սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու։

Հավաքներին մասնակցելու իրավունքը.

Հավաքի մասնակից է այն անձը, ով տվյալ պահին գտնվում է հավաքի վայրում՝ դրան մասնակցելու նպատակով: Հավաքին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մարդ՝ ՀՀ-ի քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Ոչ ոք չունի իրավունք որևէ մեկին ստիպել մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնող կամ աշխատանքային պարտականությունները կատարելող անձիք, սակայն, եթե նրանք գտնվում են աշխատանքային ժամից դուրս, կարող են մասնակցել հավաքին:

Հավաքի կազմակերպիչը

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ:Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է զսպվածություն ցուցաբերեն։

Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Իրավունք․ Գենդեր

Գենդերը իգականությանը և արականությանը վերաբերող և դրանք տարբերակող բնութագրիչների ամբողջություն:

Կախված համատեքստից՝ այս բնութագրիչները կարող են ներառել կենսաբանական սեռը, առանձնահատկությունները, սեռի հիման վրա առանձացած սոցիալական կառուցվածքներն ու գենդերային ինքնությունը: Շատ մշակույթներում կիրառվում է գենդերի երկբևեռ համակարգը, ինչը ենթադրում է, որ մարդիկ կարող են ունենալ 2 գենդեր՝ աղջիկ/կին կամ տղա/տղամարդ:

Գենդերը կարող է արտահայտվել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունըմ գիտությունն ու առողջապահությունը:

Գենդեր տերմինը առաջին անգամ սեռականության ոլորտում գործածել է հոգեբան Ռոբերտ Ստոլերն իր «Սեռ և գենդեր» անունով աշխատությունում (Ստոլլեր 1968): «Գենդեր» բառի գործածման իմաստը «տղամարդկայնության»և «կանացիության» սոցիոմշակութային իմաստները կենսաբանականից առանձնացնելն էր:

Գենդերը մարդկանց ներքին ընկալումն է և փորձը, հասարակական կառուցվածքը, որտեղ սահմանվում են որոշակի վարքագծեր տղամարդկանց և կանանց անձերի համար` կախված պատմությունից, հասարակություններից, մշակույթներից և դասակարգերից:

Գենդերը պարունակում է ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և մշակութային բաղկացուցիչներ:

Կանանց իրավունքները, ֆեմինիզմ

Կանանց իրավունքները

Կանանց իրավունքներ, ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներ ու իրավասություններ, որոնք հիմք են հանդիսացել 19-րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20-րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք անտեսված ու ճնշված են։ Մարդու իրավունքների ավելի ընդգրկուն պատկերացումներից տարբերվում են տղամարդկանց ու տղաների օգտին պատմական ու ավանդական կողմնակալության դեմ պահանջով, որն ուղղված է կանանց ու աղջիկների կողմից իրենց իրավունքներին տեր կանգնելուն։ Կանանց իրավունքներին առնչվող թեմաներն են՝ մարմնական ամբողջականության ու ինքնուրույնության իրավունքը, սեռական բռնությունից զերծ լինելու իրավունքը, կանանց ընտրական իրավունքը, պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքը, իրավական պայմանագրեր կնքելու իրավունքը, ընտանեկան իրավունքը, աշխատելու իրավունքը, արդար աշխատավարձի իրավունքը, վերարտադրողական իրավունքները, սեփականության իրավունքը և կրթություն ստանալու իրավունքը։ ՄԱԿ-ի համակարգում գործում են կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա (1954 թվականից), ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին կոնվենցիա (1958 թվականից), կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա (1981 թվականից) և դրան կից ֆակուլտատիվ արձանագրություն (2000 թվականից): ԻՀԿ համակարգում գործում են կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա (1954 թվականից), կանանց քաղաքացիական իրավունքների մասին կոնվենցիա և կանանց դեմ բռնության վերացման մասին կոնվենցիա (1995 թվականից), Աֆրոմիության համակարգում՝ «Մապուտուի արձանագրությունը» կանանց իրավունքների մասին (2005 թվականից)՝ Մարդու և ժողովուրդների իրավունքների Աֆրիկյան խարտիայի նկատմամբ։ ՄԱԿ-ի կոնվենցիաների շարքում սեռերի իրավահավասարությանը նվիրված է № 100 կոնվենցիան (ուժի մեջ է 1953 թվականից)։ Շատ այլ պայմանագրեր նախատեսում են խտրականություն սեռերի մեջ:

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմ, քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։ Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու, ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար։ Ֆեմինիստներն աշխատել և աշխատում են կանանց համար հասանելի դարձնել օրինական ճանապարհով հղիության արհեստական ընդհատումներն և սոցիալական ինտեգրացիան, պաշտպանել կանանց և աղջիկներին բռնաբարություններից, սեռական ոտնձգություններից և ընտանեկան բռնությունից: Հագուստի մեջ փոփոխությունները և ընդունելի ֆիզիկական գործունեությունը հաճախ ֆեմինիստական շարժումների մաս են կազմ։ել

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ)


Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից:
http://www.un.am/up/file/1.%20UN%20Charter_arm.pdf

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,
  • ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են արդարադատության միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները: Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե.

  • առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության),
  • երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական),
  • երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային),
  • չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման),
  • հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային),
  • վեցերորդ կոմիտե (իրավական):

http://www.un.org/en/ga/

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:
http://www.un.org/en/sc/

Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով: Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներն են՝ հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հարցերով հանձնաժողովը, թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը, բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովը, հանուն զարգացման՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը, սոցիալական զարգացման հարցերով հանձնաժողովը, վիճակագրական հարցերով հանձնաժողովը, կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը, կայուն զարգացման հարցերով հանձնաժողովը, ՄԱԿ-ի անտառների հարցերով համաժողովը:
https://www.un.org/ecosoc/en/

Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 1994 թվականի մայիսի 25-ի համապատասխան բանաձևով խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:
http://www.un.org/en/decolonization/trusteeship.shtml

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինն է: Այն ՄԱԿ-ի միակ հիմնական մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում, այլ գտնվում է Հաագայում: Դատարանի հիմնական նպատակն է քննել անդամ երկրների միջև ծագած իրավական վեճերը ինչպես նաև իրավական հարցերի վերաբերյալ կայացնել խորհրդատվական որոշումներ:
http://www.icj-cij.org/homepage/index.php?lang=en

Քարտուղարությունն իրականացնում է ՄԱԿ-ի ամենօրյա գործունեությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան է, ով նշանակվում է գլխավոր ասամբլեայի կողմից՝ անվտանգության խորհրդի առաջարկով` 5 տարի ժամկետով՝ վերանշանակվելու հնարավորությամբ:
http://www.un.org/en/sections/about-un/secretariat.html

ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարն է Անտոնիու Գուտերեշը, ով պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունվարի 1-ից:
https://www.un.org/sg/en


ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն: 2014 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթակոմիտեի (2015-2019 թթ.) անդամ: 2016 թվականին Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի անդամ 2016–2020 թվականների համար, իսկ 2017 թվականին վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության շրջանակներում գործող Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2017-2021 թթ. համար։ 2018թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում (2019-2023 թթ. համար), որի նախագահությունը նույնպես վստահվել է Հայաստանին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: 2018 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում (2019-2021 թթ. ժամանակահատվածի համար)։

«Հայաստան–ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ» ծրագիրը հանդիսանում է ՄԱԿ-ի հետ համագործակցության ուղղությունների հիմնական փաստաթուղթը, որը ստորագրվել է 2015թ.՝ 2016-2020 թվականների համար: ՄԱԿ-ի զարգացման համակարգի բարեփոխումներին զուգահեռ ներկայումս լրամշակվում են նաև զարգացման աջակցության շրջանակի ուղենիշները /UNDAF guidelines/, որից հետո հնարավոր կլինի իրականացնել ՀՀ-ՄԱԿ 2016-2020թթ. զարգացման աջակցության շրջանակի միջնաժամկետ վերանայումը:

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները: Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա:

Հայաստանում ակտիվորեն մեկնարկեցին Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված գործընթացները: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվեց ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին մեծապես նպաստում է նաև Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ աշխարհում առաջին համատեղ նախաձեռնությունն է, որը կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու է նորարարական լուծումների և պետական-մասնավոր հատվածի համագործակցության համար հնարավոր հարթակներ ստեղծելու միջոցով:

2018թ․ հուլիսի 17-ին Հայաստանը՝ ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը: